Եթե մենք ունենանք սթափ մտածելու հնարավորություն, ապա դժվար չէ տեսնել, որ խորհրդային ժամանակներում խելոք և հարգված ազգի համարում ենք ունեցել, այն դեպքում, երբ հիմա սկսում է իշխող դառնալ մեր մասին հակառակ կարծիքը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդկանց խորքային հատկությունները ինվարիանտ են ժամանակի նկատմամբ, ապա և՛ խորհրդային ժամանակ, և՛ հիմա մենք նույն մարդիկն ենք, միակ տարբերությունը այն ժամանակների ու ներկայի միջև այն պայմաններն են, որոնցում մենք ապրել ենք և ներկայում էլ փորձում ենք ապրել։
Այստեղից էլ՝ ուղիղ գծով եզրակացություն, որ մեր ներկա վիճակի պատճառը մենք չենք, այլ ուրիշների կողմից մեր վզին փաթաթած և մեր ուժերից վեր վատ պայմանները՝ մեր ցածրորակ ղեկավարների հերթափոխի հետ միասին։
Եթե մեզ դնենք մի կողմ, և հարց տանք, թե 90-ականներին շատ վատ պայմաններում գտնվող ռուս ժողովուրդն իր մեղքո՞վ էր այդ վիճակում, թե՞ ապիկար ղեկավարության, ապա Պուտինի իշխանության գալուց հետո իրավիճակի կտրուկ փոփոխությունը դեպի լավը խոսում է այն մասին, որ ավտորիտար հոգեբանության դաշտում ամեն ինչ որոշում է ղեկավարության և ոչ թե ժողովրդի որակը։
Ենթարկվող ժողովուրդը, որակյալ ղեկավարության պայմաններում, որակյալ է լինում, իսկ անորակ ղեկավարության ժամանակ էլ՝ անորակ։
Դրանից բացի էլ, նախ, հիերարխիկ ուժային դաշտում լինելով շատ թույլերից մեկը, ուրիշ ավելի ուժեղներն են որոշում, թե ովքեր պետք է ղեկավարեն մեզ, մյուս կողմից էլ, մենք, մեր ավտորիտար հոգեբանության, քաղաքական հետամնացության և փոխադարձ անթույլատրելի մակարդակի ագրեսիայի պայմաններում, եթե նույնիսկ ընտրելու հնարավորություն էլ ունենանք, ապա շատ հեռու ենք որևէ տեսակի ռացիոնալ ընտրություն կատարելուց, որի ապացույցն էլ մեր ներկա կյանքն է։
Պավել Բարսեղյան